Լեհաստանի նախագահն այցելել է Հայաստանի ֆոնդային բորսա

Լեհաստանի նախագահՀայաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան հյուրընկալել են Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ բորսայի և դեպոզիտարիայի գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի ֆինանսական շուկայի ներուժը։ Այցը հատկապես կարևոր է, քանի որ 2022 թվականից բորսան մաս է կազմում Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) խմբին։

Այցի ընթացքում Անջեյ Դուդան շրջայց է կատարել AMX-ի գրասենյակում, որտեղ նրան ներկայացվել են բորսայի ընթացիկ գործունեությունը, առանցքային ծրագրերը և ապագա պլանները։ Շրջայցից հետո տեղի է ունեցել փակ հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման նոր հնարավորությունները և համագործակցության ընդլայնման հեռանկարները։

«Վարշավայի ֆոնդային բորսայի հետ մեր գործընկերությունը նպաստում է Հայաստանի ֆինանսական շուկաների միջազգային ինտեգրմանը և արդյունավետության բարձրացմանը։ Սա կարևոր քայլ է հայկական կապիտալի շուկայի համար, որը հնարավորություն է տալիս ներդնել եվրոպական փորձը և խթանել տնտեսական աճը», — նշել է AMX խմբի գլխավոր տնօրեն Հայկ Եղանյանը։

2022 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի պայմանագիր։ Այդ ժամանակից ի վեր իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված ֆինանսական շուկայի զարգացմանը, ծառայությունների բազմազանեցմանը և եվրոպական կապիտալի շուկաների հետ ինտեգրմանը։